logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Կուլակաթափություն

Կուլակաթափություն – 1928—1932թթ. ԽՍՀՄ գյուղական տնտեսություների կոլեկտիվացման ընթացքում ԽՍՀՄ պետական քաղաքականությունն ուղղված էր կոլեկտիվացմանը դեմ հանդես եկող գյուղական բնակչության ճնշմանը: Կոլեկտիվացման դեմ յուրաքանչյուր գործողություն, ելույթ, զրույց մեկնաբանվում էր որպես հակասովետական: Ձևավորվեց «կուլակությունը որպես դասակարգ վերացնելու» թեզը, որն ստացավ «կուլակաթափություն» («раскулачивание») անունը: Կուլակաթափությունը գործողությունների ծրագիր էր, ըստ որի ունևոր, վարձու աշխատանք օգտագործող գյուղացիները հարկադրաբար և առանց դատի զրկվում էին հողից, արտադրական այլ միջոցներից և քաղաքացիական իրավունքներից, և վերաբնակեցվում երկրի ծայրամասային շրջաններ: 1930թ. հունվարի 30-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոն որոշում ընդունեց «Համատարած կոլեկտիվացման շրջաններում կուլակային տնտեսությունները վերացնելու միջոցառումների մասին» («О мероприятиях по ликвидации кулацких хозяйств в районах сплошной коллективизации»): Գործողություններն իրականացնում էին գործադիր կառավարման տեղական մարմինները: Սակայն քանի որ հստակ և որոշակի չէին «կուլակին» ճանաչելու չափանիշները, նույնիսկ «ունևոր», «միջակ» և «չքավոր» գյուղացի հասկացությունների չափանիշները, տեղական իշխանության մարմինները «կուլակներին» ընտրում էին «աչքաչափով», հաճախ նաև` իրենց ձեռնտու տարբերակներով: Այս ընթացքում լայն տարածում ստացավ նաև «կուլակներին հարողներ» գաղափարական տերմինը, որի շրջանակներում բռնության էր ենթարկվում ցանկացած գյուղացի, նույնիսկ բատրակները:
Հայաստանում որևէ հետազոտություն չի արվել «կուլակաթափության» գործընթացի շուրջ, և այսօր դժվար է ասել, թե «կուլակների», «կուլակության» և «կուլակաթափության» անվան տակ քանի մարդ և իրականում ինչ պատճառներով է ենթարկվել քաղաքական հետապնդումների: Մեր համեստ դաշտային նյութերի վկայությամբ այսօրվա սերնդի հիշողություններում նույն բռնադատված մարդուն առաջադրված մեղադրանքում հիշվում են «կուլակ», «անհարազատ», «նացիոնալիստ» և այլ բառերը` առանց տարանջատելու դրանց գաղափարական ուղղվածությունները:

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube