logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Թշնամի, ժողովրդի թշնամի

Թշնամի, ժողովրդի թշնամի – «Թշնամի» բառը բանավոր պատմություններում երեսնական թվականների քաղաքական բռնությունների իրավական մեղադրանքների շարքում չի տրոհվում տարբեր իմաստների (օրինակ` «հայրենիքի թշնամի», «թշնամու զավակ»), այն ենթադրում է քաղաքական բռնությունների համար հիմք հանդիսացող «ժողովրդի թշնամի» տերմինի հետ նույնականացում: «Ժողովրդի թշնամի» տերմինն իր հերթին կապ չունի «ժողովուրդ»- «էթնիկ միավոր» եզրի հետ: «Ժողովրդի թշնամի» իրավական տերմինը (լատիներեն hostis publicus — «հասարակության թշնամի» և լատիներեն hostis populi Romani, «հռոմեական հասարակության թշնամի») գալիս է հռոմեկան իրավունքից, երբ Հռոմեական սենատը մ.թ. 68թ. Ներոնին հայտարարել էր «հասարակության թշնամի»: Ավելի ուշ «ժողովրդի թշնամի» տերմինը լայն տարածում ստացավ Ֆրանսիական հեղափոխության տարիներին: Ֆրանսիական հեղափոխության հաղթանակից հետո ձևավորված ռեժիմը զանգվածային տեռորի անհրաժեշտությունը բացատրում էր նրանով, որ ռեժիմի բոլոր հակառակորդները «Ժողովրդի թշնամի» էին: Նույն տրամաբանությունն էր աշխատում նաև «ստալինյան բռնությունների» շրջանում: Նոր` «սոցիալիստական» ռեժիմը դրա անհրաժեշտությունը բացատրում էր այն հանգամանքով, որ դասակարգային պայքարը շարունակվում է, քանի որ հեղափոխությունից հետո գաղափարական հակառակորդները` տարաբնույթ «հակահեղափոխականները» տարբեր ձևերով պայքար են մղում նոր հասարակարգի դեմ (տնտեսական վնասարարներ, լրտեսներ, դիվերսանտներ, տեռորիստներ, ազգայնականներ և այլն): «Ժողովրդի թշնամի» տերմինը պարզ հայեցողական, բնութագրական տերմին չէր, այլ ուներ իրավական հիմնավորում և արտացոլված էր ԽՍՀՄ 1936թ. Սահմանադրության մեջ, որի 131-րդ հոդվածի 2-րդ մասով «ժողովրդի թշնամի» էին համարվում հասարակական, սոցիալիստական սեփականության նկատմամբ ոտնձգություն անող անձիք: Ժողովրդի թշնամիներին դատում էին ԽՍՀՄ հանրապետությունների քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով (ՌԽՖՀ-ում` հանրահայտ 58-րդ հոդվածը):

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube