logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Վալենտինա Փարսյան

Վալենտինա Փարսյան

Ալթայի երկրամասի Զնամենսկի շրջանի Խերսոնկա գյուղում 1952թ. ծնված Վալենտինա Փարսյանի հետ զրուցել է Միլենա Սարկիսյանը, Կապան, 2013։

Ծնվել եմ 1952թ. – ին աքսորվածների ընտանիքում: Հայրս աքսորվել է Հալիձորից, մորս ընտանիքը՝ Խնածախ գյուղից: Շատ բան չգիտեմ, բայց տեղյակ եմ, որ հորս ընտանիքով և մորական կողմից պապիս ընտանիքին աքսորել են Ստալինի օրոք: Հայրս՝ Հմայակ Աղաբեկի Փարսյանը, Գորիսի Հալիձոր գյուղից էր: Բայց Հալիձորի աքսորականների ցուցակի մեջ հայրիկիս անունը չկար, նրան տարել են ուրիշի փոխարեն: Նա, ում պիտի աքսորեին, մեր գյուղացի Անդրանիկն էր: Նա վեց եղբայր ուներ, բոլորն էլ մեր գյուղում էին ապրում: Մեր գյուղում բոլորն էլ գիտեն, որ հորս փոխարեն նրան պիտի տանեին: Ես չգիտեմ, թե ինչու է այդպես ստացվել, որ հորս են տարել: Աքսորել են 1947, թե 1948 թվականներին, և տարել են Ալթայի երկրամասի Զնամենսկի շրջանի Խերսոնկա գյուղ: Ճիշտ է, հայրս պատերազի ժամանակ գերի էր ընկել, և ճամբարում երբ գերիներին սպանում էին, նա պառկել է մահացած մարդկանց մեջ, ինքն էլ մեռած ձևացել: Այդպես նրան հաջողվել է ողջ մնալ և վերադառնալ գյուղ: Բայց նրան գերի ընկնելու համար չեն աքսորել, սա հաստատ գիտենք: Մեզ ասել են, որ կուլակ էր, դրա համար են աքսորել: Իմ հայրիկի հորն էլ են աքսորել, նրա մասին էլ գրեթե ոչինչ չէին խոսում: Ժամանակին շատ հարուստ էր, կուլակ էր համարվում: Նրա ունեցվածքը բռնագրավել են, իրեն՝ աքսորել: Աղաբեկ էր անունը: Ցավոք շատ բաներ կան, որոնց մասին չի խոսվել, իսկ ես փոքր եմ եղել, չէի հասկանում: Ինձ պատմել են, որ հայրս, երբ նրան աքսորեցին, ամուսնացած էր, տղա երեխա էլ ուներ: Կինն ու երեխան աքսորավայրում մահացել են և հայրս մենակ է մնացել: Ճիշտ է, աքսորավայրում աշխատում էր, իր կյանքից այդ առումով նա չէր բողոքում, բայց առանց կնոջ հեշտ չէր: Ծանոթներից մեկն ասաց, որ Փառանձեմ անունով մի լավ աղջիկ կա: Հայրս որոշեց ամուսնանալ: Սկզբում մայրիկիս հայրը` Աբել պապիկս համաձայն չէր: Բայց վերջում համաձայնվեց և հայրս ու մայրս ամուսնացան:

Մորական պապս` Սարգսյան Աբելը, Խնածախ գյուղից էր: Նրանց էլ են կուլակ համարել և նրանց էլ են աքսորել 1947թ.: Այն ժամանակ պապիկիս կինը Խնածախ գյուղում մահացել էր: Պապիկս ուներ չորս երեխա` երկու աղջիկ և երկու տղա: Աղջիկներից մեկն ամուսնացած էր և մնացել է գյուղում, իսկ տղաները և մյուս աղջիկը` մայրս, հոր հետ գնացել են աքսորավայր: Ալթայի երկրամաս, Զնամենսկի շրջան, գյուղ Խերսոնկա:

Մայրիկիս անունը Փառանձեմ Սարգսյան էր: Ես պիտի ծնվեի, երբ հայրիկիս աշխատանքի համար տարան ինչ որ տեղ` երեք օրով : Մայրս էլ ստիպված էր փայտ կոտրատել, իսկ դրսում ցուրտ էր, շատ ուժեղ հիվանդացավ, ոտքերն էին ցավում: Բժշկներն ասացին, որ ոտքը պիտի կտրել, իբր այլ կերպ հնարավոր չէ: Բայց այդ ժամանակ Ալթայում ազգությամբ գերմանացի մի բժիշկ կար, ջահել տղա էր, նա հանձն է առնում բուժել մորս: Այդ ընթացքում ինձ պահել է Աբել պապիկս: Գերմանացի բժշկին հաջողվում է բուժել մայրիկիս: Մայրս թեկուզ կաղելով, բայց քայլում էր: Պապիկս օգնում էր նրան: Հետո մենք` ծնողներս, ես ու եղբայրս, որը նույնպես այնտեղ է ծնվել, 1954 թ. վերադարձանք Խնածախ գյուղ: Սկզբից մնացինք Խնածախում, բայց հետո հաստատվեցինք Հալիձորում: Ես ամուսնանալուց հետո եմ տեղափոխվել Կապան:

-Դուք այդ ամենը պատմում եք ձեր ընտանեկան հիշողություններով: Բայց Դուք որևէ փաստաղթ ունե՞ք, տեսե՞լ եք նրանց իրավականորեն ինչի համար են աքսորել:

– Չէ, իմ մոտ ոչ մի փաստաթուղթ չկա, նույնիսկ կասկածում եմ, թե երբևէ եղել են այդպիսի փաստաթղթեր: Բայց ես էլ կուզանայի իմանալ, թե իրականում ինչի՞ համար են աքսորվել իմ հարազատները: Հո լուրջ չի կարելի ընդունել, որ նրանք աքսորվել են իբր երեսնական թվականներին կուլակ համարված լինելու համար: Այդ տարիների մասին իրականությունն իսկապես անհրաժեշտ է իմանալ:

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube