logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Նինա Դանիելյան

Նինա Դանիելյան

2013 թ. հուլիսի 4-ին Կապանում Նինա Դանիելյանի հետ զրուցել են Վահագ Կոնստանդյանը և Հրանուշ Խառատյանը (Նկ․ 1):

Իմ երկու պապերն էլ տուժել են խորհրդային շրջանում: Հայրիկիս հայրը՝ Տրդատ Դանիելի Տեր-Մովսիսյանը և մայրիկիս հայրը՝ Հարություն Վարդանի Մարտիրոսյանը միասին նստել են աքսորի նույն բանտի նույն սենյակում: Հայրական պապս Շիկահողից էր, մայրական պապս՝ Շիշկերտից: Երկու գյուղն էլ շատ ակտիվ էին դարի սկզբին, երկուսում էլ թե՛ բոլշևիկյան հայացքներ կրողներն էին շատ, և թե՝ դաշնակցական: Երևի վառ անհատականություններ էին: Այդ երկու գյուղերից էլ բոլշևիկյան իշխանության ժամանակ շատ զոհեր են եղել: Մատնիչներ էլ կային: Մի խոսքով, իմ երկու պապերն էլ աքսորվել են այդ գյուղերից, երկուսն էլ՝ երկուական անգամ: Երկուսն էլ առաջին աքսորի ժամանակ բանտում մտերիմ ընկերներ են եղել և որոշել են հետագայում էլ՝ բանտից դուրս գալուց հետո խնամիանալ և իրենց երեխաներին ամուսնացնել իրար հետ: Աքսորից վերադառնալուց հետո մեծ մորաքույրս արդեն ամուսնանած էր, մամաս էլ փոքր էր՝ 13 տարեկան, բայց ստիպված մայրիկիս են ամուսնացրել: Ծնողների միակ զավակ հայրս այդ ժամանակ արդեն 24 տարեկան էր: Հորապապս կոմունիստ է եղել, բողոքել են, որ ինքը, կոմունիստ լինելով, անչափահաս աղջկան ամուսնացնում է: Ոստիկան են ուղարկել, մամայիս տեսել են բարձրահասակ, գրել են 16 տարեկան: Բայց 13 տարեկան էր, 14-ը պիտի հոկտեմբերին լրանար՝ մայիսին պսակել են: Երկու տարի հետո` 16 տարեկանում, ունեցել է մեծ եղբորս: Հետո պապիկներս երկուսն էլ կրկին ձերբակալվել են: Առաջին անգամ մայրական պապուս տարել են շիտակության համար: Մորս հայրը լավ դերձակ է եղել, զինվորական ամբողջ զորախմբին է հագցրել, շինել, կոստյում, հմուտ վարպետ էր՝ ամեն ինչ կարողանում էր կարել: Նախ պատճառն այն է եղել, որ պապս իր քրտնաջան աշխատանքով մեծ փողեր էր վաստակում և անկարիք պահում ընտանիքը: Դա որոշներին հեչ դուր չի եկել և, Ասանեթ տատիկիս ասած, դրա համար աշխատավոր, աշխատասեր, ընտանիքին նվիրված մարդու գլուխը կերել են: Մյուս պատճառն այն է եղել, որ ինքը մի ռուս զինվորի համար համազգեստ էր կարել, էդ զինվորին սահման անցկացնելը վստահել էին կոլխոզի նախագահին, դա էլ տղային կորցրել, համազգեստը բերել պապիկիս, թե վերանորոգի՝ հագնեմ: Պապիկս ճանաչել է իր ձեռքով կարած շորը և ասել, որ դա էն ռուս զինվորինն է, դու աչքիս նրա գլուխը կերել ես: Դրա համար նրան բռնել են, տարել:  Կոլխոզի նախագահն է մատնություն գրել հավանաբար: Մեր տանն այդպես են կարծում: Մայրական տատս՝ Ասանեթը Շիշկերտ գյուղի քահանա Տեր-Գրիգորի աղջիկն էր, Պատվական Սահակյանի քույրը (տես Աշոտ Գրիգորյանի պատմությունը): Պատվականը թուրքերի դեմ կռվող մարդ է եղել, Նժդեհի վաշտապետերից էր Ծավ գյուղում: Պատվականին էլ քսանականներին տարան: Չգիտեմ մահացե՞լ է բանտում, գնդակահարե՞լ են: Հետագայում Շիշկերտից տարհանել են գյուղացիներին, տարել Ծավ գյուղի մոտ գտնվող տարածք՝ Խաչին Տափ՝ նախօրոք տեդրված տնակներում /դոմիկներ/ ապրելու, որտեղ և բնակվում են մինչև հիմա: Մայրիկիս ընտանիքը մեծ էր՝ 8-9 երեխաներ էին, պապիկիս կրտսեր եղբայրը՝ Խաչիկը գյուղում ձյան ծանրությունից փլված մի տան փլատակի տակ էր մնացել, մահացել: Կինը բարուրը՝ Իշխանին, թողել էր, ինքը նորից ամուսնացել: Պապիկս ու տատիկս իրենց խնամքի տակ վերցրին Իշխանին: Տատիկս ավագ մորեղբորս հետ հավասար կրծքով կերակրեց նրան, մեծացրեց, ամուսնացրեց: Երբ պապիկս աքսորավայրում էր, մի գիշեր եկել ու լուսամուտով վախեցրել էին երեխաներին, կրտսեր մորաքույրս՝ Պայծառը, վախից մահացել էր: Գյուղում այդպիսի հատուկ մարդիկ կային այն ժամանակ, գալիս, վախեցնում էին: Դա երևի մինչև երեսուն քանի թվերին է եղել: Ո՛չ երեսունվեց, ավելի շուտ: Դե մամաս 1922-ին է ծնվել, քույրիկն էլ թող 25 թիվ լինի, մոտավորապես 32-33 թթ. եղած բան է: 1936թ. պետք է որ վերադարձած լիներ պապս, որովհետև մայրիկիս այդ ժամանակ է ամուսնացրել: Երկրորդ անգամ նույնիսկ չգիտեմ ինչ պատճառով են տարել: Երկրորդ անգամ աքսորելուց հետո մեկ էլ 1953 թվին է եկել պապիկս՝ Ստալինի մահից հետո ու այլևս գյուղ չի վերադարձել, Երևանում է տուն սարքել, հիմա մորս հայրական տունը Երևանում է, Մալաթիայում: Ես լավ հիշում եմ մորապապիս՝ արտաքնապես շատ նման էր, տատուս ասած՝ գյոռբագյոռ Ստալինին, խոժոռ դեմքով էր, բեղերով ու մուշտուկ՝ ծխամորճ էր ծխում նրա պես: 8-րդ դասարանում էի սովորում, երբ պապիկս 64 տարեկանում մահացավ: Քարածուխի վառարանը վառած, էն օգոստոսի շոգին, ինքը շինելով, դողդողացնելով, եռման տակ թեյնիկը վերցնում էր կրակից ու պլտպլտան թեյ խմում: Սառը բան չէր կարողանում խմել՝ մրսում էր, Սիբիրը ցրտերն իրենց սև գործն արել էին՝ սառեցնելով ներսը, այդպես էլ ջահել մեռավ ստամոքսի հիվանդությունից: Հորս հայրն էլ մելիք Նուբար Նուբարյանի տոհմից էր՝ մելիքի Դանիել թոռան որդին: Դանիելի հայրը գյուղի քահանան էր՝ Տեր-Մովսեսը: Դանիել պապս՝ Դանիել Տեր-Մովսեսի Մելիք Նուբարովը, եկեղեցու դպիրն էր, նրա գեղեցիկ ձեռագրով շատ ծնունդներ ու մահեր են գրանցվել եկեղեցական ծխամատյանում: Տրդատ պապս շատ գրագետ էր ու շատ արտասովոր հիշողություն ուներ, ինքը որ խոսում էր, բոլորին գրավում էր: Այդպես են պատմում: Մի անգրագետ կթվորուհու օղակավար էին դրել, պապս ասել էր՝ սա՞ պիտի ինձ ղեկավարի, դրա համար էին բռնել առաջին անգամ: Դրանից հետո հորս այլևս չեն թողել դպրոց գնա, համարելով դավաճանի /անհարազատի/ որդի: Չորրորդ դասարանից դպրոցից դուրս է եկել Շիկահողում: 1912-ին ծնված հայրս, պատանեկություն չի տեսել, շատ է տանջվել, խելացի և ուսման կարոտ տղային թույլ չեն տվել ոչ ուսում ստանալ, ոչ էլ մնալ գյուղում: Մինջևանի երկաթգիծը սարքելիս նրան ստիպողաբար տարել են այնտեղ շինարարական աշխատանքներ կատարելու: Հայրս պատմում էր, որ առաջին անգամ ծխել սկսել է 14 տարեկանում՝ Մինջևանի երկաթգիծը կառուցելիս: Բազմազգ բանվորների հետ շփվելով, հայրս ինքնուրույն սովորել և գերազանց տիրապետում էր ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներին, ադրբեջաներենով թևավոր խոսքեր ու ասացվածքներ էր ասում: Երևան-Կապան, Բաքու-Կապան երկաթգծի այդ հատվածը հայրս ու իր նման տուժված, Ստալինի կողմից անհիմն աքսոր քշվածների անպաշտպան ու երկրի համար անհարազատ համարվող պատանիներն են կառուցել: Հետո զոռով 18-ամյա ջահելներին մտցրել են հանք: Անգամ 1941-ին սկսված Հայրենական պատերազմի ժամանակ պապայիս ձեռքին բրոնյա են տվել, որ չգնա բանակ, ասել են դու կդավաճանես հայրենիքին, դու անհարազատի որդի ես: Հայրս ասում էր, չեն էլ թողել գնանք մարդավարի կռվենք, զոհվենք ու մեր վրայից հանենք դավաճանի և անհարազատի այդ խարանը: Այն ժամանակ բոլորը վախենում էին օրենքից, ամեն ինչից, ո՞վ էր ռիսկ անում նրանց դեմ դուրս գալ, ոչ մեկը: Սրտաճաք եղած ապրում էին մարդիկ: Տատիկս՝ պապայիս մայրը, մինուճար աղջիկ էր, երկու եղբայր ուներ: Ամուսինը աքսորված, պատկերացրեք, որ անգամ իր եղբայրներն են հրաժարվել իրենից: Չեն գնացել–եկել տուն, վախեցել են, ոչ մի հարազատ տատիկիս կողքին չի կանգնել: Մայր ու տղա տան մեջ ներփակված ու միայնակ էին մնացել: Հայրս մինուճար է եղել: Մի անգամ պապան գալիս է տուն, մորն ասում, որ ծառի փչակում մեղր է ճարել: Մայրն ասում է՝ սպասի մթնի, թաքուն գնա քեռուն ասա, որպեսզի մարդիկ չտեսնեն, որ շփվում ենք, թե չէ քեռուն ամեն ձևի կտուժերին, պարտիայից էլ կհանեին, ամեն ինչից էլ կհանեին: Կուսակցական էր քեռին: Գիշերը թաքուն գնում և քեռուն կանչում, ասում է մեղրի մասին: Քեռին հանձնարարում է շատ զգուշորեն երկու պարկերի մեջ դույլեր դնի ու գնա պայմանավորված տեղը: Հաջորդ գիշեր քեռու հետ թաքուն գնում են, մեղրը կտրում, լցնում դույլերի մեջ: Քեռին իր հետ մի մեծ պարկ լիքը ուտելիք էր բերել: Միասին բոլորը տուն են տանում: Տատս սեղանին ուտելիք է դնում, եղբայրը չի ուտում, շտապում է, որ շուտ տուն գնա՝ տեսնող չլինի: Տատիկս ուզում էր մեղր տալ՝ չվերցրեց: Տատս թե՝ եղբայր /գադա/, բա քե՞զ: Քեռին հուզված ասաց՝ ինձ ոչինչ պետք չի, միայն իմանամ դուք սոված չեք՝ ինձ բավական է, ասաց ու լացելով, հայհոյելով՝ ըսենց անողի ըսենցը, բա մարդ իր քրոջը չկարողանա՞ օգնել, գնաց: Վախենում էին հանկարծ լսեին ու նրա վրա էլ գրեին: էդպես է՝ նրան էլ էին գրելու, նրան էլ էին տանելու: Այ այդպես աղքատ, բոլորից մեկուսացած ու վախը սրտներում ապրել են մինչև Ստալինի մեռնելը:

Երկրորդ անգամ Տրդատ պապիկիս տարան 1938-ին սկզբին, ձյունառատ մի գիշեր: Պապիկս սրտատրոփ սպասում էր առաջնեկ թոռնիկի՝ ավագ եղբորս ծնվելուն: Մի գիշեր, երբ տոնական ածիկ էին եփել պղնձի ղազղանում և դրել կտուրի ձյան մեջ, որ սառչի, ուտեն, անսպասելի տուն մտան ՉԷԿԱ-ի տղաները և ընդմիշտ տարան պապիս: Այդ օրվանից հայրս այլևս ածիկ չկերավ, ասում էր հորս է հիշեցնում … Երկրորդ անգամ հողամասի համար են տարել: Մեր գյուղում՝ Շիկահողում, նշանավոր Ագրի բաղ կա, խնձորի այգի: Ասում էին այնտեղ դրախտային խնձորներ են աճում: Հիմա էլ կա այդ այգին, հիմա էլ են ասում, որ այդ այգու խնձորները դրախտային են: Դա մեր պապենական այգին է, որտեղ խնձորենիներ են տնկել պապս ու նրա հայրն ու պապը: Միայն այդ այգու համար նրան համարել են կուլակ: Դրան գումարած՝ պապիկս նագան է ունեցել, ասել է նագանը ինչի՞ս է պետք, ավելի լավ է մի էշի հետ փոխեմ, փայտ կբերեմ անտառից: Մի թուրքի հետ նագանը փոխանակել է էշով: Նագանն էլ ասում են պապիկիս կրտսեր եղբայրը՝ ցարական բանակի հրետանավոր սպա Ամոս Տեր-Մովսիսյանն է իրեն նվիրել: Ամոսի պատմությունն էլ ողբերգական է, հիմա կպատմեմ: Հայրիկիս այդ նագանի համար բազմիցս տարել են ԷՆԿԱՎԵԴ, տանջել, որ նագանի տեղն ասի, բայց ինչ գիտեր, որ ինչ ասեր: Ասել է ես ի՞նչ իմանամ, հորիցս հարցրեք: Անգամ չարչարել են ազգանվան ՏԵՐ-մասնիկի համար: Այնքան են զզվացրել, որ հայրս ստիպված փոխել է Տեր-Մովսիսյան իր ժառանգական ազգանունը և գրվել Դանիել պապի անունով: Երբ 1938-ի սեպտեմբերին ծնվել է եղբայրս, պապս արդեն աքսորված է եղել, թոռան նկարն է տեսել ու նամակ գրել՝ վերջին նամակը՝ երանի մի անգամ թոռանս տկլոր պահեի գլխավերևս, թրջեր ինձ, բեղերս, ոտից գլուխ պաչեի նրան՝ նոր մեռնեի: Թեպետ որպես կուլակ են ճանաչել պապիս, բայց նա կուլակ չէր, գյուղացի մարդ էր, հալալ աշխատանքով ապրող: Դե կուլակը ասենք ` ահագին հողատարածքներ պիտի ունենա, շատ անասուններ: Իսկ իրենք ընդամենը, օթախ են ասում, մի սենյակ, մեջտեղն էլ թոնիր, դա են ունեցել: Ուրիշ բան չունեին, դա ի՞նչ է, որ կուլակ լինեին: Այդ այգին էլ Մելիք Նուբարովների տոհմական այգին է եղել: Գրել էին իբր զենքը վաճառել է, ուղղակի փոխանակել է էշի հետ: Դրա համար էլ վերցրել են, տարել խեղճ մարդուն: Շատ ջահել էլ՝ 50 տարեկան չկար: Ու վերջ, հետքեր չկան, տարել, կորցրել են: Չգիտենք էլ՝ ու՞ր են տարել, ե՞րբ է մահացել, ինչպե՞ս է մահացել: Ոչինչ չգիտենք: Նույնիսկ չգիտեմ կոնկրետ ի՞նչ մեղադրանք է ներկայացվել, ես չեմ էլ դիմել: Պապաս աշխատում էր Կապանի հանքում, հաճախ էր գյուղ գնում, որտեղ իր մայրն ու տատն էին ու երկու՝ 1938-ին և 1940-ին ծնված ավագ եղբայրներս, մշակում էին այգին, անտառից բերք ու բարիք հավաքում և ձմռանը երեխաների հետ Շիկահողից գալիս Կապան՝ Լենհանքեր բանավան; Մայրս էլ էր աշխատում հանքաշխարհում: Հետո այդ նույն Ագրի բաղը պապիկին բռնելուց հետո տալիս են ուրիշի: Սովխոզին չեն տալիս՝ տալիս են անհատի: 1949-ին տատիկս, շատ ազդված, կաթի մեքենայով Կապան է գնում, որ բողոքի, ասի մարդուս գլուխը էդ բաղի համար կուլակ դարձնելով, կերել եք, հիմա ուրիշի՞ն եք տալիս, հիմա նա կուլակ չի՞, որ նրան եք տվել: Ճանապարհին կաթի մեքենան վթարի է ենթարկվում Շիկահող-Ղափան ճանապարհին: Մեքենայի մեջ լիքը գյուղացիներ էին: Բոլորը վնասվածքներ, ջարդվածքներ են ստանում: Միայն տատս չէր վնասվել: Բոլորին օգնել է, իր շալը պատառոտել ու դրանցով կապել է վիրավորների վերքերը, վերջում նստել է, մեջքը դեմ արել ծառին ու մեռել: Ասում են գլուխը հարվածել էր մեքենայի մեջ եղած կաթի երկաթե տարաներին, հավանաբար դրանից գնաց՝ հիսունն անց էր … Տատիս թաղման օրը պապայիս հանքից բաց չեն թողել, որ գնա գյուղ՝ գյուղացիներն են թաղումն արել: Դե պապան դրանից հետո արդեն գյուղ չգնաց, գյուղն էլ, ամեն ինչն էլ թքեց, թողեց հեռացավ և ընդմիշտ մնաց Կապանում:

Ես շատ եմ մտածել, թե ինչու՞ երկու պապերիս էլ այդ ճակատագիրը հասավ: Չեմ հավատում, որ իսկապես այգու համար պապիս աքսորեին, կամ՝ հայրս այդ պատճառով այդքան տառապեր, անհարազատ համարվելով: Երբեմն մտածել եմ, որ գուցե իրական պատճառն այն էր, որ ինքը Մելիք-Նուբարովներից էր, ազնվական ընտանիք էր, հայտնի տոհմ: Կարող է, գիտե՞ք ինչ, ախր այդ ամբողջ ցեղից միայն պապաս էր մնացել, լրիվ զոհվել էին…Պապիկիս երկու եղբայրները շատ ջահել ու անպսակ զոհվեցին, ժառանգ չեն թողել: Դանիել պապիկս եկեղեցու դպիր է եղել: Իրենք շատ զարգացած, կիրթ ընտանիք են եղել բոլորն էլ՝ քահանաներ, դպիրներ, բժիշկներ, զինվորականներ: Դանիել պապիկս երկու անգամ է ամուսնացել, երկրորդ կինը այրի էր, ինքն էլ ամուսնուն էր կորցրել: Շա՜տ, շատ գեղեցիկ կին է եղել Սոնա տատիկս, այսինքն՝ հայրիկիս տատիկը, հայրս ասում էր նրա ծամերը կրունկներին էին հասնում: Առաջին ամուսնուց տղա երեխա էր ունեցել, չէին տվել, թողել է կեսուրի մոտ: Այսինքն կեսուրը երեխային պահել է իր մոտ ու տատիկիս ամուսնացրել: Դանիել պապիկս չորս երեխա է ունեցել, երեք տղա, մի աղջիկ: 45 տարեկանում Դանիելը հիվանդանում ու մահանում է, տատիկը մնում է մենակ: Դե էն ժամանակ ոնց էր, գիտեք, կանայք անխոս էին՝ բերանները քիթկալով կապած, իրենք իրավունք չունեին ոչ մի տղամարդու հետ խոսել, անգամ ամուսնու հետ էլ ուրիշի ներկայությամբ չէին խոսում: Ամուսնու թաղման ժամանակ մի տեգրը Գորիսից է եկել` Դանիելի եղբայր Կարապետ աղան: Նա միակ, 6-ամյա աղջկան վերցրել, տարել է Գորիս: Ասել է՝ չես կարողանա աղջիկ պահել, պսակել: Իսկապես էլ չէր կարողանա պահել: Մնացել է երեք տղաների հետ: Պապաս պատմում էր, որ Սոնա տատիկը իր երկար ու հաստ հյուքերը անց էր կացնում կուժի բռնակի միջով և, կուժը ուսին դրած, աղբյուրից ջուր բերում, երբ գյուղի կանայք կժով ջուր բերելու համար պարան էին վերցնում հետները: Պապիկիս մահից հետո տան ամբողջ հոգսերը ծանրացել էին Սոնայի ուսերին: Խոտհարք ունեին, ավագ որդիների՝ 13-ամյա Տիգրանի և 11-ամյա Տրդատի՝ պապիկիս հետ հունձ էր անում այնտեղ, որի ժամանակ վախենում էր իր հյուսքերը ցուցադրելուց. փաթաթում, ծածկում էր շալերի տակ, գեղեցիկ երեսին ցեխ քսում, գեշանում, որ հանկարծ ուրիշ տղամարդ կամ թուրքերը չտեսնեն ու չտանեն: Ամոսը դեռ բարուր էր: Ճոճք էր կապում էդ խոտհարքի դաշտում, երեխան քնեցնում մեջը, ինքը գերանդին վերցրած, հարում էր: Մեկ էլ մտածում էր, թե օձը կբարձրանա կկծի, անասուն կգա, վայրի գազան կգա կուտի, վախից գնում էր, երեխան շալով պինդ կապում մեջքին ու շարունակում նորից հնձել, խոտը հարել: Շատ գեղեցիկ, արտասովոր գեղեցիկ կին է եղել Սոնա տատիկը: Շատ է չարչարվել, մինչև մեծացրել է տղաներին: Երբ Ամոսն արդեն գնաց առաջին դասարան, Թիֆլիսից եկավ իր մյուս տեքոր՝ Վարդանի տղան՝ Թիֆլիսի հայկական թեմի առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր- Մովսիսյանը: Նա երկրորդ՝ որպես հոգևոր կնքված, անուն ուներ՝ Փարսադան: Սոնա տատուս ասել է՝ Ամոսին տուր, տանեմ Թիֆլիսում կրթության տամ: Պապայիս պատմածով երեխան սովորել է Թիֆլիսի գիմնազիայում, հետո Թիֆլիսից ուղարկել են Մոսկվա՝ Լոմոնոսովի համալսարան: Ուսման վճարը սրբազանն էր տալիս: Մի տարի էր մնում, որ ավարտի, սրբազանի մայրը չի թողել վճարն ուղարկել, ասելով ռանչպար Դանիելի տղան ուսումն ավարտելուց հետո գալու է էս ունեցվածքին տեր կանգնի: Վճարի պատճառով Ամոսը ստիպված վերադարձել է Մոսկվայից, տեղափոխվել Թիֆլիսի ռազմական ակադեմիա, կապիտանի ուսադիրներով մտել ցարական բանակ՝ հրետանավոր էր: Ռուսական պատերազմին մասնակցել է, ցարական սպա է եղել ինքը: 1914-ից մասնակցել է Առաջին համաշխարհայինին մինչև 1918 թիվը: Մեր ընտանիքում պատմում էին, որ 1918-ին պիտի տուն գար, ճամպրուկները ձեռքին Թիֆլիսում բարձրացել է գնացքի աստիճաններին՝ հետևից մաուզերով խփել են, չգիտեն ով է խփել: Այդպես են մերոնց ասել, մեր ընտանիքում այդպես գիտեին: Բայց հետո Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն, հայրիկիս համագյուղացի՝ Շիկահող գյուղից, Գրիշա Սմբատյանը պարզաբանել է և իմացել, որ մեր Ամոսը, անունը ի միջի այլոց փոխել էր, դարձրել Գուրգեն, մասնակցել Ղարաքիլիսայի ճակատամարտին, ինքը չորրորդ հրետանային մարտկոցի հրամանատարն էր: Գուրգեն Տեր-Մովսիսյան էր գրվում, իր հովանավոր հորեղբորորդի սրբազանի նման Տեր-Մովսիսյան էր գրում ազգանունը: Սրբազանն էր էն ժամանակ գաղթական հայերին տեղավորում, 1915թ. ցեղասպանությունից որբացածներին: Նա գաղթականների ընդունման հանձնաժողովի նախագահն է եղել: Ահա իրենք երկուսով՝ թե՛ պապայիս հորեղբայր Գուրգեն /Ամոս/ Տեր-Մովսիսյանը և թե՛ նրա հորեղբորորդի սրբազանը մասնակցել են Սարդարապատի՝ Ղարաքիլիսայի ճակատամարտին: Հայրիկիս տանը գրքեր կային այդ մասին, գրված է նաև Գուրգեն Տեր-Մովսիսյանի ու Մեսրոպ սրբազանի մասին: Պապաս կարդացել է, բայց չի իմացել, որ դրանք իր հարազատներն էին, իր հորեղբայրն ու նրա հորեղբորորդին: Նա չէ՞ որ Ամոս գիտեր իր հորեղբոր անունը: Իրականում Գուրգեն Տեր-Մովսիսյանը Ղարաքիլիսայի ճակատամարտում է զոհվել՝ 1918-ի մայիսի 28-ին՝ 25 տարեկանում: Նժդեհն էր նրա դիակը գրկած տարել այդտեղից: Ամոսին թաղել են Դիլիջանի եկեղեցու բակում: Այդպիսին է եղել մեր Ամոսի ճակատագիրը: Ամոսը սիրած աղջիկ ուներ Գորիսից՝ Հասմիկը, ում բախտ եմ ունեցել տեսնելու Երևանում՝ Տրդատ պապիկիս միակ քրոջ՝ Շուշանի տանը: Հասմիկը Լազարյան ճեմարանն էր ավարտել, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի էր: Նա հավատարիմ մնաց Ամոսին ու երբեք չամուսնացավ, մահացավ մեծ տարիքում: Տրդատ պապաիկիս ավագ եղբայրը՝ Տիգրանը, Սոնայի ու Դանիելի առաջնեկ զավակը, 18 տարեկանում Բաքու էր գնացել՝ աշխատելու, որպեսզի կարողան օգնել մորն ու եղբայրներին: Նա էլ այնտեղ Բաքվի կոմունա է մտել, զինվորական է եղել, ասել են նա էլ կույր աղիքի վիրահատության ժամանակ է մահացել: Բայց հետո էլի ասում էին, որ սուտ է, որ իրականում նա էլ այնտեղ է սպանվել պատերազմի ժամանակ: Փաստորեն մի եղբայրը դաշնակցականների հետ է եղել, մյուս եղբայրը՝ բոլշևիկների: Մնացել է միջնեկ որդին, պապիկս, նա էլ աքսորավայրում է մահացել: Լինելով կոմունիստ: Խառը երկիր է եղել, նրան էլ այնտեղ են երևի խփել: Դանիելի ու Սոնայի երեք որդիներից փաստորեն միակ ժառանգը հայրս է եղել՝ Սրապիոնը, ում հարկի տակ էլ մինչև խոր ծերություն՝ 100 տարի, ապրել է Սոնա տատս: Սոնա տատս մահացավ 1945-ին Կապանի Լենինյան հանքեր բանավանում: Ցավոք, ես պապիկիս ու Սոնա և Շուշանիկ տատիկներիս չեմ տեսել: Շուշան տատս պահել ու մեծացրել է երեք տղա թոռներին: Ինքը քույր ու աղջիկ չի ունեցել, շատ էր երազում աղջիկ թոռ ունենալու մասին: Նրա մահից մեկ տարի հետ քույրս է ծնվել՝ մահացած, նրանից մեկ տարի հետո էլ ես: Սոնայի միակ աղջկան՝ Շուշանին Գորիսում էլ պսակեցին մի արտակարգ կիրթ, խելացի ու անսահման բարի մադու՝ Ասատուր Գևորգյանի հետ: Շուշանը հաճախ էր մորը հյուր տանում Գորիս: Շուշանն էլ էր դժբախտացել. ջահել տարիքում կորցրել էր երկու անպսակ որդիներին և ամուսինը կորցրած, երկու երեխաներին երկկողմանի որբացրած կրտսեր աղջկան: Երկու ավագ աղջիկները և ինքը՝ Շուշանը, ապրեցին երկար՝ 80-նն անց էին, երբ հեռացան կյանքից: Ասատուրը դաշնակ էր: Լայպցիգի համալսարանն էր ավարտել՝ Գերմանիայում, այնտեղից էլ տպարանի սարքեր էր բերել, Գորիսում տպարան ուներ: Խոսունց Ասատուր էին ասում: Գորիսեցիք գիտեն նրա մասին: Իրենք էլ են տանջվել Գորիսում, հետո Բաքու են գնացել, վերջում ապրել Երևանում: Պապայիս հորքուրի ընտանիքի հետ շատ կապված ենք եղել: Պապայիս հորքուրը իրեն մայրություն է արել երկար ժամանակ, քանի որ պապայիս ծնողները շուտ են մահացել: Պապայիս հորքուրի Բաքվում բնակվող թոռնուհին եղբորս հետ ամուսնացավ: Աղջիկը Բաքվից եկել էր Երևան՝ տատիկին հյուր, եղբայրս էլ այդ ժամանակ բանակից եկել ու, պապայիս խնդրանքով, մնացել էր միայնակ մնացած հորաքրոջ մոտ, որպեսզի սատար կանգնի նրան: Ջահելները սիրահարվել էին, առանց իմանալու, որ շատ մոտ ազգականներ են, երբ բոլորը դեմ կանգնեցին, նրանք գնացին Բաքու և այնտեղ թաքուն ամուսնացան զագսով: Երեք արտակարգ խելացի՝ բարձրագույն կրթությամբ, առողջ ու գեղեցիկ երեխաներ ունեն: Հիմա Մելիք-Նուբարյան, Տեր- Մովսիսյան տոհմի իսկական շարունակողներն իրենք են՝ երկու ճյուղերով և նույն գեներով: Երևանում են ապրում:

Ես երեխա ժամանակ այս պատմությունները չգիտեի. 10-րդ դասարանում էի սովորում, երբ 1967-ի նոյեմբերի 7-ին հայրիկիս հետ առաջին անգամ մեր գյուղ գնացի և մասնակցեցի հուշարձան-կոթողի բացմանը՝ բոլշևիկյան հեղափոխության հիսունամյակն էր: Հայաստանից և արտերկրից հրավիրված համագյուղացիները հավաքվել էին այնտեղ: Մեր գյուղում՝ Շիկահողում մի մատնիչ կար, ասում են նրա ձեռքով՝ այսինքն գրած զրպարտիչ ,,մատերիալով,, /նյութով/ գյուղում շատ մարդ բռնվեց և անվերադարձ Սիբիր քշվեց:: Նրա տղան՝ Լազրը երիտասարդ հասակում զոհվել էր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Զոհվածների մայրերը ո՜նց էին ողբալով, ոռնոցով լացում… մեկն էլ Լազրի մաման էր՝ հայրիկիս ազգականուհի Թագուհի տատիկը: Ես էլ էի շատ հուզվել և, քաղաք գալով, շարադրություն գրեցի Լազրի մասին: Այնքան հուզված էի, լաց լինելով էի գրում: Հետո հայրիկս ասաց, որ նրա հայրը դավաճան է եղել՝ մատնիչ, որ նրա թեթև ձեռքով աքսորվել են ոչ միայն մեր համագյուղացիները, որոնց թվում՝ Տրդատ պապս, այլև Շուշան հորաքրոջ խելացի ամուսին՝ Ասատուրը, ով կնոջ և երեխաների հետ թաքուն ապաստան էր գտել մեր տանը: Հետո, շատ հետո շատ բաներ իմացանք մատնիչների մասին է՛լ, զոհերի մասին է՛լ: Հայրս էր պատմել: Անգամ ասում էր, մի մարդ իր պատշգամբի հատակը նոր էր սարքել էր, արհեստավոր մարդ էր, հատակը սիրուն սարքել, ներկել: Աղջիկը շատ մաքրասեր աղջիկ էր՝ անընդհատ մաքրում էր: Հայրը՝ գյուղացի մարդ, ցեխոտ կոշիկներով գալիս էր, գնում: Աղջիկն էլ ամեն անգամ ասում էր՝ մաքուր պահի, ես կոմսոմոլ եմ, ժամանակ չունեմ անընդհատ մաքրելու: Մի օր էլ այս մարդը չի դիմանում, ու՝ ՙՙՏո քեզ է՛լ, քո կոմսոմոլին է՛լ,, ,- նախշում է: Աղջիկը, ինքն էլ չհասկանալով, մատնում է հորը՝ համապատասխան մարդկանց տեղեկացնելով, որ կոմսոմոլին հերը նախշել է: Երբ եկան տուն հորը բռնելու, հայրը չդիմացավ այդ խայտառակությանը, խնդրեց թույլատրեն մի քանի րոպեով գոմ մտնել՝ բան կա վերցնելու: Խաբեց ՉԿ-ի /Չ Կ՝ արտակակարգ հանձնաժողով/ աշխատողներին, ինքը մտավ գոմ ու կախվեց: Գյուղում: Այդպես էր, վստահություն չկար, մարդիկ արդեն իրարից էլ էին զզվում… 1967-ին, երբ գնացել էինք արձանի բացմանը /գյուղում առաջին անգամ էի/: Լրիվ անծանոթ մարդիկ էին, մի քիչ օտար էի ինձ զգում, քաշվում էի: Հայրիկս միանգամից անհետացավ, կորավ իմ տեսադաշտից: Վախեցած գնացի նրան փնտրելու: Վերջը մի կին ասաց, որ եկեղեցու կողքին է: Գնացի տեսա պապաս մի լքված թոնիրի մոտ՝ բաց տեղ, որի շուրջ միայն հարևան հողակտորների չափարներն էին, մի մեծ քարի նստած, գլուխն առած ձեռքերի մեջ, ուսերը ցնցելով հեկեկում էր: Գրկեցի հայրիկիս, նա գլուխը բարձրացրեց և ասաց. ,, Էս է միայն մնացել իմ հայրական տնից, թքած ունեմ բոլորի վրա, ցեղս վարի են տվել էս գյուղում… տո աստծուն էլ, տո դրանց էլ, որ սաղ ցեղս ջնջել են,,: Պապաս արդեն Աստծուն էր նախատում, այն դեպքում, երբ նրա ցեղում եկեղեցու հինգ-վեց սպասավորներ կային՝ Տեր Մովսեսը, նրա եղբայր Տեր-Մարտիրոսը, այս երկուսի եկեղեցու դպիր տղաները, որոնցից մեկը Դանիել պապս էր՝ Տեր-Մովսեսի որդին և թոռը՝ սրբազանը՝ Մեսրոպ /Փարսադան/ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը: Հիմա, երբ այս ամենի մասին մտածում եմ, գտնում եմ, որ փոքր միջավայրում ուժեղ, վառ արտահայտված անհատականությունները չեն կարող միասին լինել: Որովհետև անհատականությունը առաջ է գնալու, ու նրանից վախենալու են: Ստալինն էլ է եղել ուժեղ անհատականություն, Հիտլերն էլ: Ես ձեզ մի ուրիշ բան ասեմ. նախնադարից սկսած մինչև հիմա մարդկությունը որ ստեղծվել է, այդ օրվանից մինչև հիմա ոչ մի լիդեր, ոչ մի ղեկավար, հենց էդպես չեն հասել դրան: Անպայման մի բան անում են, մի խարդախություն, մի վատություն: Այդ աստիճանները մաքուր չեն, ոչ մեկը չի կարող մաքուր աստիճաններով, մաքուր ոտքերով բարձրանալ: Ես համոզված եմ դրանում: Մարդիկ աստիճանաբար կեղտոտվելով, իրենք էլ չեն զգում ինչպես, հասնում են գագաթին: Կապանում Նինա Դանիելյանի պատմությունը լսում էին Ամառային դպրոցի բոլոր մասնակիցները։

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube