logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Փարսադան Հարությունյան

Փարսադան Հարությունյան

Կապանում Փարսադան Հարությունյանի հետ զրուցել են Քնար Երվանդյանն ու Հրանուշ Խառատյանը, 2013 թ., հունիսի 14, Կապան:

Ես ծնվել եմ Բեխ գյուղում: Երկրորդ ժառանգորդն եմ պապիս, Փարսադան Փարսադանյանի, որին 1936 թ. աքսորեցին Ալտայսկիյ կրայ, 36-37թթ.: Իրեն աքսորել են, իսկ ընտանիքը, հայրս` 11 տարեկան, հորքուրս` 8 տարեկան, տատս էլ էն ժամանակ երևի 26-27 տարեկան է եղել, դարձել է թշնամու ընտանիք: Պապս եղել է գյուղի գյուղսովետի նախագահը, ի միջի այլոց ասեմ, որ մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին և վիրավորված էր այտից: Գնդակը խփել էր, այտին մեծ փոսիկ ուներ: Բոլշևիկների գալուց հետո, իրեն երևի որպես մի քիչ կիրթ, գրագետ մարդ, նշանակել են գյուղական սովետի նախագահ: Այդ տարիներին դե սեփականություն էր, կոլխոզներ չկային դեռևս, մենք էլ շատ հողեր ունեինք, որովհետև եղբայրները շատ էին: Մենք բուն Դավիթ բեկի ժառանգորդներն ենք: Մելիք Փարսադանյանների, գնդապետ Դավիթ բեկի ժառանգորդներից ենք, այն հինգ եղբայրնեից մեկի ժառանգները, ովքեր Հալիձորից տեղափոխվել են և հիմնել են Բեխ գյուղը: Պապս, ես չեմ տեսել իհարկե, լսածներով եմ ասում, պապս գյուղում առաջին հերթին ճանապարհ կառուցեց: Մեր գյուղը Ղափանից ընդամենը երեք կիլոմետր էր հեռու, հիմա Ղափանի մեջ է գտնվում դա, Բեխ բանավան է կոչվում, Ղափանի Բեխ թաղամաս: Դպրոց կառուցեց: Մեր տունը, որտեղ ապրում էր պապս իր ընտանիքով, մեր դարպասների դիմաց մեր թաղամասի գյուղացիների հավաքատեղի էր, թաղի ժողովուրդը հավաքվում էր, զրուցում էին, իրենց անասուններին էին սպասում, իրենց երեխաներին էին սպասում: Միշտ այնտեղ քարեր կար շարած, այնտեղ հավաքվում, զրուցում էին: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի անգամ պապս նրանց մոտով էր անցնում, մեծերը նստած` ասում են «բա, Փարսադան, ի՞նչ ես մտածում, Աղասի Խանջյանն էլ ինքն իրեն սպանեց»: Պապս գոմ մտնելուց մի խոսք է ասում,- «Նա էնպիսի մարդ էր, նա ինքն իրեն չէր սպանի»: Այդքանը: Ասել է ու մտել է գոմը: Գիշերը եկան վերցրին, տարան, հենց այդ նույն գիշեր: Հայրս է պատմել: էդ գիշեր մի երեք-չորս ընտանիքից տարան: Ովքեր մոտիկ էին, ովքեր գյուղական սովետի անդամներ էին, ովքեր այդ մտքերի հետ գուցե համաձայն էին: Իրենց համախոհներ էին համարում: Ջիվանշիր կար, էլի կիրթ, գրագետ, ավարտած էր ինչ որ Շուշիի ռեալականը: Բոլորին աքսորեցին, երեք-չորս ընտանիք: Բայց ուրիշ տեղեր ընտանիքով են աքսորել, իսկ մերոնց միայն ընտանիքի ղեկավարներին են տարել: Աքսորվածներից միայն Ջիվանշիրն է վերեդարձել: Տաս տարուց ավել մնացել է աքսորում:

Մեր ամբողջ ազգը էդ գիշերվանից հետո սկսեց ցրվել,- փախան Բաքու, Կիրովաբադ, չգիտեմ ուր, որպեսզի իրենց չտանեին: Տատս մնաց մենակ հորս և հորքուրիս հետ միասին: Հորեղբայր ունեմ հիմա, 40-50 տարի Կիրովաբադում է ապրել թաքնված վիճակում, մեծ դպրոցների տնօրեն է եղել, մանկավարժական կրթություն ունի, ադրբեջանական դպրոցի տնօրեն է եղել մինչև անգամ: Հաջիքենդ ես եմ գնացել մոտը: Հայրս վախենում էր, որ մտնի հորեղբոր մոտ, վախենում էր: Գյուղի դպրոցում իրեն հոկտեմբերիկ չեն ընդունել, ոչ իրեն, ոչ հորքուրիս: Ութ տարեկան էր: Հոկտեմբերիկ պետք է լիներ, հետո պիոներ պետք է լիներ, հետո էլ կոմերիտական պետք է լիներ, չեն ընդունել, զրկվել են ամեն ինչից: Տատիս հետ իրենք մենակ գնում էին, թույլ էին տալիս, որ գնան հասկը հավաքեն: Էդ հասկը հավաքելով երեխաներին մեծացրեց, տատս էդ արտում էլ հիվանդացավ: Կոլխոզի անդամ չէինք մենք, բայց տանում էին աշխատացնում: Աշխօր չէին գրում, գրում էին, որ հավաքեց ցորենի արտերից մնացորդները: Բոլոր բարեկամները մեզնից ձեռք էին քաշել: Ունեմ տատիս կողմից շատ հարուստ մարդիկ: Բաքու էին, որտեղ էին, բայց վախենում էին օգնեին, վախենում էին մինչև անգամ ասեին, որ մենք բարեկամ ենք: Մի կերպ հայրս` մեծ էր արդեն, շալակով փետ էր բերում, մի կերպ յոլա էին գնում: Նաև հազվագյուտ գյուղացիներ կային, որ օգնում էին,- մածուն էին տալիս, չգիտեմ ինչ էին անում: Հայրս մտածում էր, տանջվում էր, որ էս մարդը, որ մեզ օգնել է, գուցե սրանցից մե՞կն է գնացել ասել, մատնել, կամ՝ նամակի տակ ստորագրել: ՉԷ՞ որ մեր գյուղացիներից մեկը պիտի լիներ մատնողը, ուրիշ չկար: Դպրոցում նեղել են, դե որ կոմերիտական չես, ոչ մի ժողովի չես մասնակցում, հասարակական ոչ մի աշխատանք չէին հանձնարարում, ու միշտ էլ հուզված, խեղճացած: Հայրս մի կերպ սովորեց, ավարտեց միջնակարգը բավականին բարձր գնահատականներով, գնաց Երևան սովորելու: Հորս բանակ էլ չեն տարել, չվստահեցին, ասեցին հայրենիքի դավաճանի տղա է, տանենք ի՞նչ անենք: Դե հակասովետական էին կոչում դա, հակա էր, դաշնակցական: Եղել է, պապս եղել է նաև դաշնակցական կուսակցության անդամ: Էդ տարիներին` մինչև սովետական կարգերի հաստատումը, դրանից հետո արդեն, որ բոլշևիկները եկան, ամեն ինչ հարթվեց, ինքն արդեն բոլշևիկ էր կոչվում, չգիտեմ բայց՝ կոմունիստական կուսակցության անդամ էր, թե ոչ: Հորքուրս էլ շուտ ամուսնացավ: Տատս վախենում էր, որ հանկարծ աղջկան չեն ուզի, որպես բռնադատվածի դստեր: Ողջ ընտանիքով վախենում էին:

Ձայնազուրկ էին: Ձայնազուրկը նա է, ում չէին թողնում ընտրություններին մասնակցել, տատիս՝ հատկապես: Տատիս վիճակը վատ էր նաև նրանով, որ իր պապը հոգևորական էր եղել, տերտեր էր եղել, դրանով էլ էին շատ նեղում, Էդ էլ մի կողմից էր: Ասում էին դու եկեղեցիականի թոռ ես: Բացի էն, որ բռնադատվածի կին ես…

Պատերազմից հետո խոսակցություններ տարածվեցին, որ պապիս արդարացրել են: Հլա դեռ ստալինյան ռեժիմը կար, բայց աքսորականներին բաց էին թողնում: Մեր գյուղացի Ջիվանշիրի հետ էր ինքը, ճանապարհին հետ գալուց, Տաշքենդում հիվանդացել են, սով էր, ինչ էր, ոչ մի բան չկար, մրսել են, ինչ են արել, բայց մահացել է հենց Տաշքենդում, պատի տակ: Ջիվանշիրը` մեր գյուղացին հողին է հանձնել Տաշքենդ քաղաքում: Ինքը եկավ, մասունքներ բերեց, ահագին տարիներ անցել էր արդեն, շորեր բերեց: Տատս չէր հիշում, որ հագած լիներ. բայց ասաց, որ սա ձեր աքսորականի շորերն է: Դա 47 կամ 49 թիվն էր: 56 թվից հետո մենք թուղթ ստացել ենք, որ ազատվել է, բայց տեղ չի հասել: 56 թվից հետո հայրս աշխատում էր կուլտուրայի բաժնում: Հետո, ավելի ուշ, հիշում եմ մի անգամ կար բռնադատվածների, արդարացվածների, չգիտեմ ինչի, ես մոտովորապես եմ հիշում, կուլտուրայի տուն կար Ղափանում, առաջին փողոցի վրա, այնտեղ պապիս նկարն էլ կախեցին, հուշատախտակ կար: Երևի 60-ական թվականներին էր, հայրս տարավ ինձ ցույց տվեց, որ իր հոր նկարը այդտեղ կա, արդարացված է: Բայց ոչ մի բան չփոխվեց, Էլի մենք մնացինք նույնը, էլի վախենում էինք: Հետո ես ասեցի՝ բա դու իսկի բարեկամներ չունե՞ս: Հետո պարզվեց, որ մենք շա~տ-շատ բարեկամներ ունենք, բոլորն էլ Բաքվում, փախել են: Այն ժամանակ բոլորն էլ փախել են Բաքու:

Իրականում ամեն ինչ անհայտ էր, ոչ ոք մի հստակ բան չէր ասում, և դա բոլորին վախեցնում էր: Դատական պրոցես չի եղել: Հայրս ասում էր, որ մտել են գիշերվա ժամը 2-ից, 3-ից հետո, Ղափանցի ՆԿՎԴ-ի աշխատողները, ասել են վեր կաց, մենք գնում ենք Ղափան, ու էդ գնալն էր, որ գնացին: Ղափան գնալուն պես անմիջապես գնացք նստեցրին ու տարան: Միանգամից աքսոր, բանտ չեն տարել: Տատիս բարեկամները, ովքեր հնարավորություն ունեին, վախենում էին մոտիկանան: Եթե Փարսադանին աքսորել են, էլ չի կարելի էդ ընտանիքի հետ մոտիկանալ, պետք է հրաժարվենք բարեկամությունից: Շատ հնարավոր է` նամակներ էլ են գրել, որ մենք հրաժարվում ենք մեր քրոջից: Հետագայում, իհարկե, իրենց քրոջ մահանալուց հետո եկան, բարեկամությունը շարունակվեց: Շատ լավ քեռիներ ուներ ի միջի այլոց հայրս: Զինկոմ էր մի քեռին, Անդրկովկասի զինկոմն էր պատերազմից հետո արդեն: Բաքվում էր, գեներալ, մինչև ուսումնարանի տնօրենն էր վայեննի: Իր տղաները, աղջիկները բոլորն էլ ռուսաստաններում մեծ պաշտոն ունեցող մարդիկ էին, 50-ական թվականներից հետո: Ստալինի այցը Իրան, էդ Թեհրանի կոնֆերանսը, տատիս եղբայրն էր ապահովում, գնդապետ էր էն ժամանակ: Իջևանով անցավ ինքը ու գնում էր Իրան, պասիլկայի նման մի բան ուղարկեց քրոջ համար, շորեր էր, չգիտեմ ինչեր, չամիչ: Բայց չի ասել, թե ով է ուղարկողը: Իսկ այդ նույն ժամանակ մերոնք անտառներն ընկած` չիր էին անում, զկեռ էին չորացնում, մրգեր էին չորացնում, այդպես ապրում էին: Հայրս ասում էր, որ ես գիշերը գնում էի հասկ հավաքելու, շոշափելով էինք հավաքում, ցերեկը չէին թողնում հավաքենք: Դե հասկը թափվում է էլի միշտ, շոշափելով հասկ էինք հավաքում, որ երկանքով աղանք, մի քիչ հաց ունենանք ուտելու: Դե խոնավ, թաց, անձրևոտ եղանակներին, տատս էդպիսի բաներից էնպիսի կանացի հիվանդություն ստացավ… հասարակ հիվանդություն էր գուցե, բայց բուժվելու համար ոչ մի հնարավորություն չկար: Հետո հայրս հարցրել է իրենց, ասել է «քեռի, ինչու՞ էիք այդքան հեռու մնում», ասում է ասեց՝ «յուրաքանչյուր մարդու կաշին մոտիկ է իր մարմնին, ինքն իր համար է մտածում, ես էլ էն ժամանակներում իմ երեխաների համար եմ մտածել»: Ասել է՝ «վախենում էի: Ճիշտ է, իմ սիրտս պայթում էր իմ քրոջս համար, որ էն սովի տարիներին, երկու երեխա վերցրած, ընկած հասկ է հավաքում, բայց չէի կարող ոչինչ անել»:

Հայրս շատ էր ուզում կոմունիստ դառնալ: Էն ժամանակ, որ ինքն աշխատում էր կուլտուրայի բաժնում, արդեն մի քիչ արդարացված էր, արդեն շատ չէին նեղում, թույլ էին տալիս աշխատել, բայց կոմունիստ չէին ընդունում, որպես բռնադատվածի որդու: Իսկ հայրս երազում էր, ասում էր՝ ես պիտի ապացուցեմ, որ ես եմ իսկական կոմունիստը: Նա հավանում և հարգում էր կոմունիստական գաղափարները: Երևանում մեծ ծանոթություններ ուներ, ղեկավար մարդկանց հետ, կոմունիստների հետ էր նստում, բայց ինքը կոմունիստ չէր: Կոմունիստ ընդունվեց 60 տարեկանում: Էն ժամանակ, որ ես ընդունվեցի, ինձնից երկու տարի առաջ էր ընդունվել ինքը: Շա՜տ ուշ էր արդեն, 1985թ.-ն էր: Բայց շատ էր ուզում: Ի միջի այլոց ասեմ, որ հայրս շատ ուղղամիտ մարդ էր: Այդ ուղղամտության համար նրան նույնիսկ «դաշնակ» մականունն էին տվել: Ոչ թե նրա համար, որ իր հայրը դաշնակցական է եղել, այլ՝ ուղղամտության համար: Նույնիսկ այդքան դառնություններից, վախերից, տագնապներից հետո երբեք սուտ չէր խոսում, չէր թաքցնում: Դրա համար էին հորս «դաշնակ» ասում: Այսինքն կոմունիստները ուղղամիտ, ազնիվ մարդուն «դաշնակ» էին ասում: Տարօրինակ բան է: Հայրս հոգով սրտով կոմունիստ էր՝ նրան դաշնակ էին ասում: Հիմա էլ՝ ես: Ես էլ ուղղամիտ մարդ եմ: Ես կոմունիստ եմ եղել, բայց մեկ-մեկ այս դաշնակներին որ նայում եմ, ասում եմ՝ իսկական դաշնակը ես եմ: Իմ պատկերացրած դաշնակցականը պիտի լինի ամբողջովին ազգին նվիրված, ժողովրդին նվիրված, պետությանը նվիրված մարդ: Կոմունիստ թե դաշնակցական՝ պետք է այդպիսին լինես: Իմ պատկերացրածով այդ երկու կուսակցություններն էլ պետությանը նիրվածություն են պահանջում, ծառայություն են պահանջում, ուղղամտություն, ազնվություն են պահանջում: Այդ իմաստով ես և կոմունիստ եմ, և դաշնակցական եմ: Եվ այդտեղ հակասություն չեմ տեսնում: Ես, ճիշտ է, գիտեմ խորհրդային միության հազարավոր սխալները, մեր ընտանիքն այդքան տուժել է, բայց խորհրդային իշխանությունը Հայաստան է կառուցել: Հայաստան է կառուցել, որը կարող էր ոտի տակ ճզմվեր և չերևար: Հենց միայն այդ հանգամանքը, որ կարողացել ենք մնացած ազգերի հետ գոյատևել և մեկ միլիոն երեք հարյուր հազարից հասել ենք մինչև երեք միլիոն, տասը միլիոն, այդ հանգամանքը մեզ շատ խորհելու առիթ է տալիս: Ես աշխատել եմ միայն մի ձեռնարկությունում, ոչ մի անգամ աշխատանքային գրքույկս չեմ տեսել, միայն երբ որ արդեն գործարանը փակվեց…36 տարի այնտեղ եմ աշխատել, հասարակ բանվորից հասել եմ մինչև տնօրեն: Կրթություն բարձրագույն չեմ ստացել, լեռնային տեխնիկումն եմ ավարտել, բայց ինքս ինձ այնքան եմ կարդացել, ես շատ ընթերցասեր էի: Մի խոքով ԽՍՀՄ-ում կարգ կար, կարելի էր աշխատելով նպատակին հասնել: Սրանք չգնահատել չի կարելի: Բայց զոհեր շատ եղան, անարդար զոհեր: Հիմա, երբ ասում են արդարացում, կոմպենսացիա, դա ո՞նց են հաշվում: Ես մի համեմատություն բերեմ, ինչե՞րի կլինեինք հասած մենք, եթե չլիներ այդ աքսորը: Հորքուրս որտե՞ղ կլիներ, հայրս ինչպի՞սի պաշտոնի կլիներ, ինչպի՞սի մեծ բանի հասած կլիներ, մենք որտե՞ղ կլինեին: Այ եթե համարում են, որ ինչ որ ձևով փոխհատուցեն, դա պետք է հաշվի առնեն, որ չորս երեխաներ ուներ հայրս, երկուսն էլ հորքուրս, այդ երեխաները… համարյա ձայնազուրկ, զգույշ, վախեցած: Ճիշտ է, էսպես առերես չէին ասում, բայց ամեն ինչից երևում էր, որ մեր նկատմամբ վստահություն չկա, մինչև անգամ ժառանգորդների նկատմամբ: Ես շատ եմ զգացել դա: Մի՞թե հնարավոր չէր, որ մի քիչ մենք էլ բարեկեցիկ կյանքով ապրեինք: Ուզում էի ավտոմեքենա, հայրս ասում էր՝ մեզ պետք չի դա: Ազգականներն էին երես թեքել կամ զգույշ էին իրենց պահում, հարևաններն էին զգույշ պահում իրենց, շփում չկար, թաքուն էին մեր տուն գալիս: Հայրս էնպիսի մեծ ցանկություն չուներ, ոչ էլ ռիսկ ուներ, ինքը իրա ռիսկերը կորցրել էր կյանքում: Ռիսկ աներ, գնար օրինակ` քաղաք տեղափոխվեր, իր կրթությամբ մի նոր մեզ կյանք, ապագա ստեղծեր: Ոչ, մեկուսանում էր, մեզ էլ չեր թողնում՝ գործ չունեք, զգույշ եղեք: Ժողովներում ես սիրում էի խոսել, ելույթ ունենալ, միշտ ասում էր՝ քո ի՞նչ գործն է դա: Մինչև անգամ, կարամ արձանագրել այս փաստը, քսան հոգի նստած զրուցում էին, իմ մի բառը կարող է էնպիսի մի ազդեցություն ունենալ, որ լրիվ խառնվեն իրար. իսկույն իրար երեսի են նայում՝ ի՞նչու սա այսպես ասաց, ի՞նչն է պատճառը: Հասկանու՞մ եք, մեր ասածներից միշտ զգուշանում են: Բայց եթե մնայինք էն նախկին պայմաններով, ինչ որ մենք ունեցել ենք, այն վերաբերմունքը, այն հարգանքը, ինչ որ ունեինք մնար մեզ, իհարկե…Սրանք ոչնչով հնարավոր չէ կոմպենսացնել: Սրանք անդառնալի հետքեր են թողնում:

Հա, մատնիչների մասին: Հայրս իմացել էր ովքեր են: Ես էլ գիտեմ: Գուցե նույնիսկ դիտավորություն չի եղել, գուցե գյուղացու միամտությամբ ասել են: Գուցե: Բայց երբեք, երբեք իրենց մոտ մեղավորության զգացում չեմ զգացել, չեմ նկատել: Ընդհակառակը, իրենք ախր շատ մեծ դիրք են ունեցել մեզանից հետո: Իրանք գիտեն թե ամեն ինչը էդպես պատրաստ լինում է, էդպես չեն տանջվել էլի, մեզ նման հասկ չեն հավաքել, կոլխոզը իրենցն է եղել: Հետո իրենք դարձան կոլխոզի տնօրինությունը, ամբողջը իրանց ազգուտակը դրեցին, մեկը հաշվապահ, մեկը բրիգադիր, մեկը ֆերմայի վարիչ, փեսան չգիտեմ ինչն էր, մեզ էլ կողքից ինչ մնում էր՝ թույլ էին տալիս, որ էն հավաքենք: Հիմա ես էլ եմ ընկերություն անում իրենց ժառանգների հետ, երբեք, երբեք ինձ թույլ չեմ տվել զգացնելու, որ գիտեմ իրենց պապի մատնիչ լինելը, գիտեմ, որ մեր դժբախտությունների մեղավորն են: Չգիտեմ նույնիսկ, իրենք գիտե՞ն, որ ես գիտեմ, որ հայրս էլ գիտեր: Իմ տղաներից մեկը էդ մարդկանց ծոռի հետ եղբայրներ են համարյա: Ռուսաստանում են երկուսն էլ, խոշոր բիզնես ունեն: Իմ տղան Ուդմուրտիայի թիվ մեկ ֆերմերն է: Այնտեղ այցելում են իրար, չգիտեմ, քավոր,-սանիկ են, ինչ են, չգիտեմ, դա հիմա արդեն որքանո՞վ կլինի ճիշտ, որ ես ասեմ էդ մարդը մեր թշնամու ծոռն է: Հորիցս է գալիս դա, հայրս միշտ վախկոտ էր, ոչ թե վախկոտ էր, ինքը ոնց որ թե ռիսկով մարդ էր, բայց թե էդ հարցերում շատ-շատ… միշտ էլ ինքը զգուշավոր մարդ է եղել: Զգուշավոր էր բառ արտասանելուց, մեզ էլ չէր թույլատրում: Ես մի անգամ, որ գործարանում կուսակցական ժողովում ելույթ եմ ունեցել ինչ որ մի հարցով, լուրը գնացել է հասել, մեծ վեճ առաջացավ, թե դու ի՞նչ գործ ունես: Այս ամենը պետք է հաշվել որպես զոհի երևույթ, զոհը միայն գնդակահարվելը կամ աքսորը չի:

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube