logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Գառնիկ Շահնազարյան

Գառնիկ Շահնազարյան

Սյունիքի Առաջաձոր գյուղում 2013թ. հուլիսի հինգին 1925թ. ծնված Գառնիկ Շահնազարյանի հետ զրուցել է Քնար Երվանդյանը։

Ես ինքս ծնվել եմ 1925թ., արդեն կոմունիստների ժամանակ: Իմ հայրս էլ կոմունիստ է եղել, բոլշևիկ է եղել: Բաքվում բանվոր է եղել, ծանոթացել է բոլշևիկների, Շահումյանի խմբի հետ, նույնիսկ կարմիր բանակի հետ կռվելով է մտել Հայաստան: Որբ է մեծացել հայրս: Առաջաձոր գյուղում նրա հորն սպանել են թուրքերը 1905 թ., մի տարի հետո էլ մայրն է մահացել: Հորս քեռին Բաքվում հարուստ մարդ էր, նավթի հանքեր ուներ` Խուրշուդ Աղամիրովը, նա հորս տարել է իր մոտ: Հետո էլ կարմիր բանակի հետ մտել է Հայաստան: Այդ ժամանակ այստեղ՝ Զանգեզուրում, Նժդեհի Լեռնահայաստանն էր, չէին ընդունում բոլշևիկներին: Հորս, էդպես մի չորս հոգու հետ բոլշևիկներն ուղարկում են Զանգեզուր, որ գան քարոզ անեն, բնակչությանը համոզեն բոլշևիկների դեմ չկռվել: Հայրս եկել է Առաջաձոր: Մեր գյուղում շատ կային դաշնակցականներ, նրանց համակիրներ: Հայրս շատ քարոզներ է արել, համոզել է գյուղացիներին, որ նրանք ընդունեն բոլշևիկներին, նրանց դեմ չկռվեն: Մեր գյուղում Սմբատ Բեկ Ստեփանյան կար, լավ մարդ էր, գերմաներեն լեզվի դասատու էր: Նա երկրաբան էր Ղափանի հանքերում: Բեկը Լայպցիգի համալսարանի երկրաբանական բաժինն էր ավարտել: Բայց ինքը Բեկն էլ 20 թ. գյուղում կանգնել է, ժողովրդին ասել է՝ էս բոլշևիկները որ գալիս են, հենց ձեզ համար են գալիս, չկռվեք նրանց դեմ: Ուրեմն բոլշևիկի կողմից է խոսել: Դա իմ հորս քարոզների արդյունքն է, չէ՞:

Հետո, երբ որ արդեն բոլշևիկները հաստատվեցին, մի ժամանակ խաղաղ է եղել կարծեմ: Դաշնակներն արդեն գնացել էին, նրանք Նժդեհի հետ Պարսկաստան անցան: Բայց դեռ որոշ դաշնակներ կային: Հետո երբ որ արգելվեց այդ կուսակցությունը, նրանց մի մասն իսկապես դուրս եկան կուսակցությունից, բայց մի մասն էլ անցան անտառները: 29 թ., արդեն ես չորս տարեկան երեխա էի, դեռ կային դաշնակներ, խմբեր էին, ղաչաղի նման էին ապրում: Երեխա էին գողանում, տանում, հաց պահանջում, որ հաց բերեք, որ ձեր երեխան տանք, թե չէ երեխան չեք տեսնի, նման երևույթներ էին: Անտառներից դուրս էին գալիս ու արտերը վառում էին: Դեռ կոլեկտիվացում չկար, շատ ծանր տարիներ էր, նրանք խրձերը վառում էին, վնաս էին տալիս գյուղացիներին: Պայքարում էին բորշևիկների դեմ, ասում էին սովետը չպիտի լինի: Ես ինքս արդեն հիշում եմ էն, որ մեզ հավաքել են, մայրս մեզ հավաքում էր, լցնում տուն, ասում էր դուրս չգաք, արդեն գիշեր է, կգան կգողանան:…Ղաչաղներ էին դրանց ասում: Իսկ արդեն 30 թվականին Ստալինը հրաման է տվել, արդեն կառավարության գլուխը, մի քանի հոգու բռնել են, գնդակահարել են: Պայքար էր արդեն, կրակոցներով: Իհարկե նաև հայտարարել են, ասել են ամեն մեկդ գնացեք ձեր տները, թե չէ բոլորիդ էլ մեկ է՝ գնդակահարվելու ենք: Պատերազմի նման մի բան էր: Հետո նրանք արդեն ամեն մեկը թողեց եկավ իրենց տները, զենքերը հանձնեցին: Ով հանձնել է, ով թաքցրել է, մոսին հրացաններ կար: Բայց իրականում հանձնել են զենքերը, ենթարկվել են: Իսկ 36 թ., ես արդեն դպրոցական էի, կար տրոցկիզմ և դաշնակցական կուսակցություն: Քաղաքական դիրքորոշումներ էին դրանք: 36 թվականին նորից Ստալինը մի հրաման է տվել, որ էն նախկին բանդիտները կարող է ծպտյալ նորից քայաքայիչ աշխատանք կատարեն, նրանցից պիտի ազատվենք: Դե քանի որ ես հետագայում արդեն որպես կոմունիստ, որպես կուս. կազմակերպության քարտուղար անընդհատ մասնակցում էի դռնփակ ժողովներին, էդ բոլորը ես արդեն գիտեմ, պատկերացնում եմ: Ուրեմն հրաման տվեց, որ պետք է հավաքել դրանց: Բայց ո՞նց: ԿաԳեԲե-ն գիշերն առանց տեղյակ պահելու, գալիս էին տանում էին դրանց` ով որ նախկին դաշնակցության կուսակցության անդամ էր, ով որ մասնակցել էր էդ բանդիտությանը: Դե գյուղերում կային անձնավորություններ, որ դրանց հաշվարկը պահում էր: Եղել են, դրանց մատնողներն արդեն եղել են 36 թ.: Դրանք ցուցակով ներկայացրել են ԿաԳեԲե, ԿաԳեԲե-ն էլ գիշերը մեկ էլ եկավ, դուռը ծեծեց, վե՛ր կաց դու…Մեր գյուղից շատերին են աքսորել: Աչքովս տեսել եմ: Բեկից բռնած` Սմբատ Անդրեևիչը, Սմբաթ բեկը, Ստեփանոսը, Մուշեղ Ոսկանյանը: Մուշեղ Ոսկանյանը հետագայում Հայաստանի գերագույն սովետի նախագահության նախագահ դարձած Հրանտ Ոսկանյանի հայրն էր: Ես էդ լավ հիշում եմ: Դե օրինակ` հենց օրինակը վերցնենք Մուշեղ Ոսկանյանին, Հրանտ Ոսկանյանի հորը: Հայրը ոչ մի կուսակցության անդամ չէր, բայց նախկին կառավարության օրոք, որ պառլամենտը նստում էր Տաթևի վանքում, ինքը պառլամենտի քարտուղար էր, կրթված մարդ էր ու Լայպցիգի համալսարանի մանկավարժական բաժինն էր ավարտել նախասովետական տարիներին: Դե նրան էլ էին մտցրել եդ ցուցակի մեջ, որ ինքը պառլամենտի քարտուղար էր: Նրան տարան: Տանում էին հարուստներին ու էդ նախկիններին: Մեր գյուղում ըտենց հարուստ մարդ չկար: 37 թ.-ին բեկին տարել են որպես ցարական ժամանակի բեկ, ուրեմն ժողովրդին շահագործել է, չէ՞: Անցյալի համար են տարել, ոչ թե՝ որ ինքն այդ ժամանակ ինչ որ հակա գործեր էր անում: Իսկ մնացածներին էլ որպես դաշնակցական կուսակցության անդամներ, նախկին անդամներ, որպես կոմունիստական կուսակցության հակառակորդներ: Դե նախկինում որ կուլակ էին համարում, պիտի եզներով արտերը վարեին, ասենք երկու զույգ վեսկի [1] պիտի ունենար, ասենք մի վեսկին, որ լծում էին՝ ութ եզն էին լծում` խոշոր անասուն. ուրեմն` 16 եզ ունի, մեծ հողատարածքներ ունի, հետո էդ մարդը ասենք տոկոսով, իրա գումարը էնքան էր շատ, ասենք հարևաններին տոկոսով փող էր տալիս. դրան էին կուլակ համարում: Բայց մեր գյուղում այդպիսի մարդ չկար: Գիտե՞ս, էդ աքսորականների մասին ոչ մի տեղեկություն հետո չեն տվել, որովհետև բոլորին գնդակահարել են: 37 թվականին: Իսկ մատնիչները… կային: Անհաջող մարդիկ են դրանք: Մեր գյուղում չորս հոգի եղել են: Մինչև 37-39 թվականները: Նախանձից է, պաշտոնի համար է, մատերիալ են գրում, կեղտոտում, կլյաուզա են անում: Նման դեպքեր էսօր էլ կարծում ես թե չկա՞: Հիմա էլ կա, Սովետ ժամանակ էլ կար, միշտ էլ եղել է: Օրինակ, Հրանտ Ոսկանյանի հայրը՝ Մուշեղ Ոսկանյանը Տաթևի պառլամենտի քարտուղարն էր՝դրան տարան, բայց օրինակ իր եղբայրը՝ Հայկազ Ոսկանյանը, 37 թ. եղել է Կիրովականի նաչալնիկ մելիցա` միլպետ: Իրեն էլ են էդ 37 թ. վերցրել: Եղբայրը որ դաշնակցական կուսակցության անդամ էր, իրեն էլ էին մտցրել էդ ցուցակի մեջ: Հետո ինքը պահանջել է առերեսում: Մեր գյուղից երեք հոգի գնացել են Երևան, գնացել են ապացուցել, որ Հայկազը եղել է էս գյուղի առաջին կոմերիտմիության քարտուղարը, եղել է կոմունիստական կուսակցության համակրողը, չորս եղբայրը, որ ոչ մի կուսակցության անդամ չէր, պառլամենտի անդամ էր, տարել են, ինչի՞ եք Հայկազին էլ մտցնում էդ ցուցակի մեջ… Հայկազին չեն մտցրել ու ազատել են: Բայց հետագայում Հայկազը իմացել էր էդ չորս հոգու անունը: Էդ չորս հոգին ապրել են, դրանցից մեկը երկար տարիներ կոլվարչության ղեկավար է աշխատել հետագայում: էդ չորսից ոչ մեկը հիմա չկա, մահացել են, դրանք անհաջող մարդիկ էին, իրենց աշխատանքի մեջ էլ անհաջող էին: Բայց տարածներին էլ՝ ոչ մի դատական վճիռ հասարակությանը չէին ներկայացնում աքսորվածներին:…Եթե լինի էլ` իրանց արխիվներում, գաղտնի թղթերում հնարավոր է պահում էին, բայց հասարակությանը չէին ներկայացնում: Տանում էին միանգամից, ոչ մեկին ոչինչ չէին բացատրում: Օրինակ`Հայկազ Ոսկանյանի հետ ես ինչքան որ զրուցել եմ, որ ինքը նույնիսկ ներքին օրգանների աշխատող էր, շատ հմուտ մարդ էր, նա էլ ասեց, ասեց մեզ չէին տալիս թուղթ, որևէ բացատրություն: Դասակարգային պայքար էր գնում: Հետո ո՞նց իմանային, թե այդ մարդիկ ի՞նչ մտադրություններ ունեն: Նույն Մուշեղ Ոսկանյանը: Ինքը ոչ մի կուսակցության անդամ չէր, բայց դաշնակցական պառլամենտի քարտուղար է եղել: Ի՞նչ իմանային, նա կոմունիստների դեմ չի՞ աշխատում, կամ՝ չի՞ աշխատելու: Կամ Սմբատ Բեկը: Սմբատ բեկը 20 թ. գյուղում կանգնել է, ժողովրդին ասել է՝ էս բոլշևիկները որ գալիս են, հենց ձեզ համար են գալիս, չկռվեք նրանց դեմ: Ուրեմն բոլշևիկի կողմից է խոսել: Բայց 37 թ. դա արդեն նշանակություն չի ունեցել, որովհետև Ստալինի հրամանն է եղել: Նախկին Բեկ էր, ժողովրդին շահագործող էր: Բոլորին պետք է ոչնչացնել:

Բայց նրանց եթե տարել են, նրանցից մնացող երեխաներից ոչ մեկն էլ չի տուժվել: Ինքը` անձն ա տուժել, տվյալ անձին որ տարել են: Սմբատ բեկի մի տղան ռայկոմի բյուրոյի անդամ էր, ինքը՝ պարտիական, մի տղան ժուռնալիստ էր, թերթի խմբագիր էր «Զանգեզուր» թերթում, մի տղան հնությունների պահպանության կոմիտեում է աշխատել, մի տղան երկրաբան էր, աղջիկը մանկավարժ էր, Սմբատ բեկի էրեխեքը, սովետական տարիներին: Բոլորն էլ կոմունիստական կուսակցության անդամներ դարձան, բոլորն էլ շատ լավ ապրում էին: Վերցնենք Մուշեղ Ոսկանյանին: Նրան գնդակահարել են, բայց մի տղան՝ Հրանտը եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի երրորդ քարտուղար, հետո էլ Գերագույն Սովետի նախագահության նախագահ, եղբայրը՝ Հայկազը Երևանում մսի կոմբինատի դիրեկտոր դարձավ: Ո՞վ է տուժել, ոչ մեկն էլ չի տուժել: Չեն տուժել: Դա ուղղակի դասակարգային պայքար էր, էն ժամանակ ընդամենը երկու կուսակցություն էր, դաշնակցություն և կոմունիստներ, Էդ էրկու կուսակցությունը իրար դեմ պայքարում էին: Ով ուժեղ էր՝ նա հաղթեց: Բայց հետո դիսցիպլինա կար, ո՞վ կհամարձակվեր կոմունիստների դեմ խոսա: Ես 47 թվականից կուսակցական եմ: Դիսցիպլինա կար, վախ կար:

Ոչ թե հարգանքը, այլ վախը, վախենում էին, դիսցիպլինան այնքան խիստ էր, որ վախից արդեն չէին կարող սխալներ անել: Եթե վարիչն էլ սխալ բան աներ, բանվորը կասեր՝ գնում եմ Ստալինին հեռագիր տամ: Ո՞նց կարար վարիչը, վախենում էր: Իսկ դասակարգային պայքարը այսօր էլ կա: Եթե քո փոքր Հայաստանում 140[2] կուսակցություն կա, դա դասակարգային պայքար չի՞: Իսկ էն ժամանակը ընդամենը երկու կուսակցություն էր, դաշնակցություն և կոմունիստներ: Էդ էրկու կուսակցությունը իրար դեմ պայքարում էին: էսօր տես քանի պայքարող կա, ո՞րն ա լավը: էն ժամանկ էլ կար: Ավելի շատ հիմա ա, քան էն ժամանակ: Ավելի շատ ա զգացվում մարդկանց վրա, բոլորիս վրա: Որովհետև ես իմ երիտասարդ ժամանակս դպրոց էի գնում, էսօր գյուղը դպրոց չունի, 130 աշակերտ էս գյուղում, մենք դպրոց էինք գնում, էսօր երեք երեխա չկա, որ դպրոց ունենանք:



[1] Վեսկի – հողը վարող գութանը քաշող եզների անհրաժեշտ խումբ: Հայաստանի լեռնային ծանր հողը վարելու համար ՛՛վեսկին՛՛ թվով ավելի մեծ էր, քան հարթավայրի թեթև հողի համար:

[2] Այս թիվն իրական չէ, բանասացը պարզապես ուզում է ցույց տալ կուսակցությունների բազմաքանակությունը:

 

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube