logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Սամվել Գրիգորյան

Սամվել Գրիգորյան

Գրիգորյան Սամվելի (ծնված 1948 թ.) հետ մոտ երեքժամանոց հարցազրույցն ընթացել է Պեմզաշեն գյուղում 20.05.12-ին, զրույցը վարել է Գայանե Շագոյանը:

«Իմ նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Մուշից: Մերոնք եկել են 1828 թ. հետո, որովհետև դրանից առաջ ստեղ նույնիսկ բնակավայր չի եղել: Մերոնք կոչվել են Խալիֆենք, Խալիֆա տոհմ է եղել, մենք բավականին լավ նախնիներ ենք ունեցել, եթե գրագիտություն ստեղծվել է գյուղում, հիմնականում մեր ազգի մեծերից է տարածվել, ունեցել ենք Տեր Կարապետ (Նկ․ 1), մի հոյակապ անձնավորություն է եղել, տերտեր է օծվել և Էջմիածնում նա մշտապես լավագույն հյուր է համարվել: Ասում է՝ երբ մտնում էի Էջմիածնի վանքի հայաթը, ասում է, գալիս էին, փիլոնը գցում էին վրաս, որ գնայի պատարագ անցկացնեի: Իսկ ինչ վերաբերվում է իմ պապին՝ Անապատյան Ավետիսին (Նկ․ 2), ինչու Անապատյան, որովհետև, կարծեմ, նրա պապն էլ է տերտեր եղել, տիրացու, Վանա Կտուց վանքում է ճգնել, հենց էդտեղից էլ եկել է իրենց ազգանունը, հայրս էլ է սկզբանականում ուզել գրվել Անապատյան, հետո, որ հալածանքներ են եղել, թե որտեղից է գալիս դա, դրա համար վախենալով հանդերձ, Գրիգորյան է գրվել, Գրիգոր Գրիգորյան: Հայրս վաստակաշատ ուսուցիչ է եղել:

Տեր Կարապետի մասին պատմում էին, թե ոնց են չարչարել, ոնց են տանջանքների ենթարկել, բայց էդպես փաստեր չեն մնացել, նրանց էլ են հալածել, նրա աղջիկներին էլ են հալածել որպես տերտերի աղջիկ, լավ չեն վերաբերվել էլի, հետապնդել են:

Պապս, կարծեմ, եթե չեմ սխալվում, ինքը դաշնակցությանն է հարել, պապս՝ Ավետիսը նախքան խորհրդային պետության հաստատվելը մի երկու անգամ էլ Ամերիկայում է եղել, գնացել է առևտուր թեթևակի, ու երևի սա էլ  նաև պատճառ է եղել, աքսորել են, աքսորել են, բայց, կարծեմ, չի հասել Սիբիր, որքանով ես հիշում եմ հայրիկիս պատմածից, Հյուսիսային Կովկասում է եղել: Էնտեղ էլ մահացել է, դրանից հետո հայրս փորձեց փնտրել, գոնե շիրիմը գտնել, էն էլ այդպես էլ չհաջողվեց:

Տատս ասում էր՝ հիվանդ անկողնում պառկած էր պապս, գալիս տանում են, երևի մոտ մի քառասունհինգ տարեկան էր, տատս 1890 թվի ծնված է, թող լավագույն դեպքում էլ պապս հինգ տարի մեծ լիներ, թող քառասունհինգ տարեկան, հիսուննին մոտ լիներ էդ ժամանակ, դա եղել է երեսունիննը թվականին, այդ ժամանակաշրջանում հատկապես հավաքագրում էին: Էսպես ձևակերպում կար՝ «Խարհրդային միությանը անհարիր տարեր», այսինք մարդիկ, որոնք չեն ընդունել Խորհրդային միության գոյությունը… Ոչ մի դատավարություն էլ չի եղել, կագեպեի նաչալնիկը հրամայել է, եկել տարել են ու աքսորել են, թե դատավարություն հետագայում եղել է, չի եղել՝ ես չգիտեմ, մեզ անհայտ է: Միանշանակ բոլորին դատ չէին անում: Կամ էն ժամանակվա դատը ո՞րն էր, դու տռոցկիստ ես, վերջացավ, պետք է գնաս, գնա, էսպես էր: Պապիս մեղադրել են, թե ինքը դաշնակցական է եղել, բայց ինքը դաշնակցական չի եղել, ուղղակի երևի խորհրդային միության ստեղծումից հետո, թե ստեղծումից առաջ, ինչ-որ միջոցառումներ, փորձել են գաղտնի ժողովներ անել, ես, ճիշտն ասած, չգիտեմ՝ ինքը մասնակցե՞լ է, թե՞ ոչ, բայց հենց դրա համար են հիմնականում պապիս որակավորել որպես դաշնակցական, կամ հարող դաշնակցությանը, հակասովետական տարր ու էդ ձևակերպմամբ էլ աքսորել են իրեն:

Հայրիկիս նկատմամբ գյուղամիջում եղել են հետապնդումներ, նույնիսկ կագեպեն էլ է հետաքրքրվել, տեսել են ոչինչ չկա, ստիպված հետ են քաշվել, այսինքն շարունակություն չկա, իրենց փնտրածը չկա, ինչ ձևակերպումով, որ տարել են, չկա: Ես հիշում եմ մինչև վաթսունականներն էլ կային միջամտություններ: Գալիս հետաքրքրվում էին, աշխատանքի վայրում, գաղափարախոսության և այլնի վերաբերյալ, իհարկե դա գաղտնի է եղել, ոչ մեկ չի իմացել: Հայրիկիս տարել են, զրուցել են, բաց են թողել: Հայրս տասնյոթ թիվն էր, պապս երեսունիննին է գնացել, պատերազմի տարիներին հայրս արդեն չափահաս էր, նա մասնակցել է Ֆինլանդիայի պատերազմին, հենց սկզբից, երեսունիննին է եղել պատերազմը: Տանում հասցնում են ֆրոնտային լինիա, ինքը հիվանդ է եղել, որոշ գործողությունների մասնակցելուց հետո տեսել են, որ էն չի, հետ են ուղարկել, զորացրվել է, հայրենական պատերազմին էլ չի մասնակցել: Ու էդ տարիներին որպես ուսուցիչ է աշխատել, որպես թիկունքի աշխատող մեդալով պարգևատրվել է նույնիսկ:

Կուլակաթափ ասելը գիտե՞ք որն էր, ով երկու կով ուներ, կուլակ էին համարում, բռնի կերպով մեկը անպայման տանում էին սովխոզ, բոլոր տեղերից համարյա: Ինձ հայրս է պատմել, տատս է պատմել, որ հենց թեկուզ մեր տնից զոռով էկել տարել են: Մինչև հիսունական թվականները մեր գյուղի Մխիթարյան Հմայակին հալածում էին, նրանց էրեխեքին «դաշնակի էրեխա» էին անվանում, վիրավորական արտահայտություն էր դա: Մեկը մյուսին, որ ուզում էր անարգել, ասում էր տռոցկիստի տղա, տո չգիտեմ հեղափոխականի տղա, էդպիսի արտահայտություններ էին անում, դա որպես պիտակ էր, խարամ, որովհետև էդպես էր նստած, մինչև հիմա մեր մոտ էլ դաշնակցականները նստած չե՞ն որպես ծախող կուսակցություն: Էդ մատնիչները շառավիղներ ունեն մեր գյուղում:

Ստալինի մահվան ժամանակ ես հինգ տարեկան էի, կանգնած էի մեր սենյակում,ռադիոն խոսում էր, հայտարարեց, որ կյանքը հինգ րոպե կանգ է առնում: Ես էդ հասակիս երեխա, զգաստ կանգնել եմ, սենյակում ես մեն մենակ եմ եղել: Այսինքն՝ ինձ ոչ ոք ոչ մի բան չի ասել, ես ռադիոն լսեցի, ասեց կյանքը հինգ րոպե կանգ է առնում, իմ հիշողության մեջ դա մտած է: Ես սենյակում էի, շատ լավ եմ հիշում, հիմա կարող եմ տանել ու էդ սենյակը ցույց տալ, հիմա էդ սենյակը խոտանոց է:

Ես էլ եմ կոմունիստ եղել, եղբայրս էլ է կոմունիստ եղել, կոմունիստական կուսակցության ջատագով է եղել եղբայրս, երեք տարի առաջ է մահացել, շրջկոմի նախագահ էր, պարտ. կազմակերպության քարտուղար, մենք նորմալ էլ ծառայել ենք մեր երկրին: Ես մինչև հիմա էլ այն կարծիքին եմ, որ կոմունիստական գաղափարախոսությունը խեղաթյուրողներ կային, գաղափարախոսությունն ինքնին շատ լավն էր, վերցված էր այդ գաղափարախոսությունը մեր Ավետարանից, լրիվ ավետարանական գաղափարախոսություն, մարդասիրական:

Տեսեք, հիմիկվա հայհոյողները հիմնականում խորհրդային կրթություն ունեցող, դաստիարակությունը ունեցող մարդիկ են: Գիտե՞ք, չի կարելի, էն աղբյուրը, որից ջուր ես խմել, ըդտեղ քար գցել: Դե համենայն դեպս կոմունիստական դպրոցին հասնող դպրոց չի եղել, մինչև հիմա, գերազանցող դպրոց չի եղել, համակարգը և՛ խիստ էր, և՛ պահանջող էր, և՛ դաստիարակող էր: Ձեր կարծիքով, Երևանի կենտրոնում, միլիոնանոց ցույցի կհասնեին, եթե կոմունիստական հայրենասիրական գաղափարախոսությունը չլիներ՝ գնանք հիմա մի հատ ցույց կազմակերպենք:

Ինչի՞ համար Չարենցը գրեց Ստալինին նվիրված վատ բանաստեղծություն, կներեք, իհարկե, էս վերջերս եմ կարդացել թերթում, «Թիֆլիսում Նեղ ճակատ կինտոն», ու նույն Չարենցը գրեց Նաիրի Զարյանին նվիրեց Ստալինին նվիրված բանաստեղծությունը, որ գնաց Ստալինի առջև ելույթ ունեցավ Նաիրի Զարյանը, և ստացավ մրցանակ, որովհետև նա չէր տանում դա, նա ուրիշ խառնվածք ուներ, նա ուրիշ և հենց ժողովրդի մոտ էլ նստած է, բայց էլ իհարկե ոչ մի տեղ էլ չկա գրված, որ Չարենցին Նաիրի Զարյանն է մատնել:

Պարույր Սևակի նման հանճարին Փայլակի տղեքը վերացրեցին: Բայց Փայլակը Քոչինյանի օրոք էր, ես եսօրվա նման հիշում եմ գրողների միության տասնութերրորդ համագումարում Սիլվա Կապուտիկյանը ելույթ ունեցավ և խիստ քննադատեց Անտոն Քոչինյանին, նա բառացիորեն ասել էր. «դուք գիտե՞ք, Անտոն Երվանդիչ, ինչու՞ ձեզ ժողովուրդը Անտոն Բրիլյանտիչ է կոչում (հենց ուղիղ տեքստով), որովհետև եթե մյուսները կաշառք փող էին վերցնում, դուք բրիլյանտ եք վերցնում»: Դրա համար Սիլվա Կապուտիկյանին մի շաբաթ տնային կալանք տվեց, էդ ժամանակ ես ուսանող էի, էսօրվա նման հիշում եմ Պարույր Սևակի ավտովթարը կազմակերպվեց տունդարձի ճանապարհին: Վարդգես Պետրոսյանի նման մարդուն իրա տան առաջ սպանեցին, որ մեկը չի՞ արել որ: Հանուն իշխանության, տասնմեկ հոգու էս վերջերս սպանեցին, ո՞վ արեց դա, հիմա էլ դրանք խոսում են բռնատիրության մասին:

Կոմունիստական ժամանակաշրջանում չկար էդպիսի մարդ, որ հավատ չունենար ապագայի նկատմամբ, հիմա գնացեք սոց. հարցում կատարեք, երբ որ մեկը որևէ դրական բան ասե՞ց ապագայի նկատմամբ, որովհետև հիասթափված են ժողովուրդը:

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube